Իշխանությունը ծաղիկներ խոնարհեց Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին

Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցները երթով հասան Մյասնիկյանի արձանի հարակից տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Երևանի կենտրոնում կայացած հանրահավաքից ու երթից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները, խորհրդարանի ղեկավարությունն ու իշխող կուսակցության անդամները ծաղիկներ խոնարհեցին Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում։

Առանց Նիկոլի՞, թե՞ նրա հետ. Փաշինյանի կողմնակիցներն ու հակառակորդները լապտերներ վառեցին

Այստեղ, հիշեցնենք, 2008թ–ին տեղի էին ունեցել մարտի 1-ի հիմնական իրադարձությունները, այդ թվում` քաղաքացիների ու զորքի բախումները, կրակոցները, որոնց հետևանքով զոհվեցին 10 մարդ` 2 ոստիկան ու 8 քաղաքացի, վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիներ:

Ամեն ինչ սկսվել էր փետրվարի 20-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց մասնակցել էին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը։

Ընտրության պաշտոնական տվյալներով` ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը, որը մարտի 1-ից հետո Հայաստանում հայտարարված արտակարգ դրության արդյունքում ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնեց շուրջ 1 ամիս անց` 2008թ–ի ապրիլին։