Ի՞նչ է ցույց տալիս ՀՀ-ի սեյսմիկ քարտեզը. շինարարության նոր նորմերը և վտանգավոր գոտիները

Հայաստանում տեղի ունեցած վերջին երկու երկրաշարժերը տեղավորվում էին 2018 թ․-ին հայ գիտնականների կազմած սեյսմիկ քարտեզի տրամաբանության մեջ։ Դրա հիման վրա գնահատականներ են տրվել առաջիկա 50 տարիների հնարավոր երկրաշարժերի վերաբերյալ։
Sputnik

2020 թ․-ի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունն ընդունեց սեյսմակայուն շինարարության նախագծման նոր նորմերը։ Դրանց համար հիմք է ծառայել սեյսմիկ վտանգի քարտեզը և դրա հիման վրա կազմված Հայաստանի տարածքի սեյսմիկ գոտիավորման քարտեզը։ Այս քարտեզները կազմել է ՀՀ ԳԱԱ երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիքի վրա ստեղծված «Գեոռիսկ» ձեռնարկությունը։

Քարտեզի վրա Հայաստանը բաժանված է գոտիների, որտեղ 10% հավանականությամբ 50 տարվա ընթացքում կարելի է որոշակի ուժգնությունից բարձր ուժի երկրաշարժեր սպասել։ Որպես չափման միավոր ընտրված է հողի պիկային արագացումը (ոչ պրոֆեսիոնալ լեզվով ասած՝ թե որքան արագ է «ճոճվում» հողը ոտքերի տակ)։

Հայաստանի դպրոցների 30% -ը չի դիմանա 5,5 մագնիտուդով երկրաշարժին. փորձագետ

Այդ արագացումը հաշվարկվում է g մեծության, այսինքն՝ ազատ անկման արագացման (9.8մ/վ) համամասնությամբ։ Այլ կերպ ասած՝ 0,5 g գոտում մոտակա 50 տարում 10 տոկոս հավանականությամբ կարելի է ստորգետնյա ցնցումներ սպասել՝ հողի 4,9մ/վ արագացմամբ (մոտավորապես նույն ուժի, ինչ և Սպիտակի երկրաշարժը)։ Կազմված քարտեզի և շինարարության նոր նորմերի հետ դրա կապի մասին Sputnik Արմենիայի հարցերին պատասխանել է «Գեոռիսկի» տնօրեն Սուրեն Առաքելյանը։ Զրուցել է Արամ Գարեգինյանը։

- Հայաստանի տարածքում տեղի ունեցած վերջին երկու երկրաշարժերը տեղավորվո՞ւմ են ձեր սխեմայի մեջ։ Ճի՞շտ է արդյոք այն ենթադրությունը, որ մի քանի թույլ երկրաշարժերը լիցքաթափում են լիտոսֆերային սալերի լարվածությունը և թույլ չեն տալիս, որ մեկ ուժեղ երկրաշարժ լինի։

-Հայաստանի տարածքում տեղի ունեցած վերջին երկու երկրաշարժերը համապատասխանում եմ մեր սեյսմոտեկտոնիկ մոդելին․առաջինը տեղի է ունեցել սեպտեմբերին՝ Սյունիքի բեկվածքի Փամբակ-Սևան հատվածում, իսկ երկրորդը՝ Երևանյան խորքային բեկվածքում։ Երկու երկրաշարժերն էլ միջին ուժի են եղել և դրանց առաջացրած արագացումները, ըստ մեր քարտեզի, սպասվողներից նկատելիորեն ավելի փոքր են եղել։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ թույլ երկրաշարժերը լիցքաթափում են տեկտոնիկ լարվածությունները՝ դա միայն ենթադրություն է։ Հակառակ օրինակներ ևս կան։ Օրինակ՝ Սպիտակի երկրաշարժից առաջ մոտավորապես միևնույն գոտում երկու թույլ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժը շատ բարդ բնական գործընթաց է, ոչ բավարար չափով ուսումնասիրված, և գիտության ներկայիս մակարադակը հնարավորություն չի տալիս ապացուցել կամ հերքել այսպիսի ենթադրությունները։

-Սպիտակի երկրաշարժի ժամանակ հողի արագացումը կազմել է 0,48 g։ Արդյո՞ք դա նշանակում է, որ 0,4 – 0,5 g գոտիներում շենքերը պետք է կառուցել Սպիտակի երկրաշարժի համար հաշվարկված սեյսմակայունությամբ։ Ո՞ր գոտում է Երևանը։

-Քարտեզը բաժանված է 3 սեյսմիկ գոտու՝ 0.3g, 0.4g և 0.5g առավելագույն նշանակությամբ։ Համապատասխանաբար, Հայաստանի բոլոր բնակավայրերի համար շինարարության   նորմերում սեյսմիկության աստիճանի մասին նշում է արվում։ Այդ աստիճանից է կախված, թե ինչ ստանդարտներով պետք է կառուցվեն բնակելի շենքերն ու այլ օբյեկտները, որոնց օգտագործման ժամկետը 50 տարին չի գերազանցում։ Ըստ այդ ցուցակի, Սպիտակ քաղաքը երրորդ, առավելագույն գոտում է՝ 0,5g, իսկ Երևանը ներառված է երկրորդ գոտում՝ 0,4 g։

Ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ. ուղեցույց

Սեյսմիկ վտանգի քարտեզի և դրա հիման վրա կազմված Հայաստանի Սեյսմիկ գոտիավորման քարտեզի կազմման աշխատանքներն իրականացվել են 2016-2018 թթ. միջազգային կոնսորցիումի կողմից, որի կազմում էին ամերիկյան «AIR Worldwide Corporation» ընկերությունը, իտալական «Global Earthquake Modeling Foundation»-ը և հայկական «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերությունը։ Նախագիծն իրականացվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ «Գեոռիսկը» համագործակցել է Հայաստանի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և համապատասխան պետական կառույցների հետ (սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն և այլն)։

-Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փամբակ-Սևանի և Գառնիի բեկվածքների շուրջ գտնվող տարածքները Հայաստանի ամենասեյսմավտանգ գոտիներն են։

-Վերջին սեյսմոտեկտոնիկ մոդելը, որն օգտագործված է քարտեզը պատրաստելիս, ստեղծվել է «Գեոռիսկ» ընկերության երջանկահիշատակ հիմնադրի՝ Արկադի Կարախանյանի կողմից։ Այս մոդելն է օգտագործվել նաև Հայաստանի ԱԷԿ-ի սեյսմիկ վտանգավորության գնահատման ժամանակ, որը նույնպես իրականացնում էր կոնսորցիումիը՝ «Գեոռիսկի» ղեկավարությամբ, 2009-2012թթ․-ին։

Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը

Ըստ այդ մոդելի՝ Փամբակ-Սևան-Սյունիքի և Գառնիի բեկվածքներն առավելագույն սեյսմիկ ներուժն ունեն․ համապատասխանաբար 7,6 և 7,3 մագնիտուդի։

-Ինչպես է հաշվարկվել քարտեզի վրա նշված երկրաշարժի 10 տոկոս հավանականությունը։

-Քարտեզն 90 տոկոս հավանականությամբ ցույց է տալիս այն գոտիները, որտեղ 50 տարվա ընթացքում հողի սպասվող առավելագույն արագացումը g-ի համամասնությամբ չի գերազանցի նշված նորմերը։ Դա չի նշանակում, որ այնտեղ չեն կարող ավելի մեծ արագացումներ լինել, սակայն մոտակա 50 տարում դրա հավանականությունը 10 տոկոսը չի գերազանցում։

Երկրաշարժի հետքերը Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում. ծնողները կարող են հանգիստ լինել

Որևէ տարածքի սեյսմիկ վտանգի գնահատումը բարդ գործընթաց է, այն օգտագործում է գիտական նվաճումներ թե՛ բնական գիտությունների (երկրաբանություն, սեյսմաբանություն, գեոֆիզիկա), թե՛ ճշգրիտ (մաթեմատիկա, վիճակագրություն), թե՛ հումանիտար գիտությունների (հնագիտություն և պատմություն) ոլորտում։

Այնպես որ դժվար է բոլորին հասկանալի ձևով բացատրել, թե ինչպես է հաշվարկվում ստորգետնյա ցնցումների հավանականությունը։ Անալիզի համար ամենատարբեր տվյալներ են օգտագործվում` երկրաշարժերի գործիքային և պատմական կատալոգներ, պալեոսեյսմոլոգիական և հնէաբանական հետազոտություններ, երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրություն, արբանյակային լուսանկարներ, երկրաֆիզիկական հետազոտություններ, GPS-ի միջոցով ճշգրիտ չափումների տվյալներ:

Այնուհետև գնահատվում է յուրաքանչյուր մեթոդի արժանահավատությունը և ճշգրտությունը և դրանից հետո՝ բեկվածքի յուրաքանչյուր հատվածի սեյսմիկ պոտենցիալը՝ հնարավոր սխալանքով։

Սեյսմիկ վտանգի գնահատման ժամանակ շատ կարևոր է ուսումնասիրվող տարածքի սեյսմոտեկտոնիկ մոդելը։ Սեյսմոտեկտոնիկ մոդելն ակտիվ բեկվածքների քարտեզ է՝ բեկվածքի յուրաքանչյուր հատվածում առավելագույն հնարավոր երկրաշարժերի նշումով։

-Հնարավո՞ր է արդյոք քարտեզի հիման վրա գնահատել երկրորդային ավերածությունների ռիսկը, հաշվի առնելով ջրամբարների տեղակայումը(հատկապես՝ գետայինների, քանի որ գետերը հոսում են բեկվածքների երկայնքով), ինչպես նաև աղբյուրների և թափոնների տեղակայումը։

-Վտանգի գնահատումն ու ռիսկի գնահատումը տարբեր հասկացություններ են, որոնք շատերը հաճախ շփոթում են։ Կփորձեմ անջատել այդ երկու հասկացությունները։

Փետրվարի 13-ի երկրաշարժը բացահայտեց 1988-ից հետո չլուծված բազմաթիվ խնդիրներ. Փամբուխչյան

Ռիսկը կախված է ոչ միայն երկրաշարժի ուժից, այլև բնակչության խտությունից, պատրաստվածությունից, վաղ ազդարարման համակարգերից, շինարարության որակից և բազմաթիվ այլ գործոններից: Ջրամբարների և պոչամբարների դեպքում կարելի է հաշվարկել, թե ինչ տեղի կունենա ամբարտակի ճեղքման դեպքում, որքան տարածք կհեղեղվի, ինչ բարձրության ալիք կլինի, ինչ արագությամբ այն կշարժվի և այլն:

Պետք է նշել, որ բոլոր ջրամբարներն ու պատվարներն ունեն անձնագրեր, որոնցում այդ տվյալները նշված են։ Դրանք ունենալով` դուք կարող եք հաշվարկել տնտեսական և մարդկային կորուստները, այսինքն՝ գնահատել ռիսկը։

Իսկ վտանգի գնահատումը ցույց է տալիս երկրաշարժի բուն ուժը, այսինքն՝ ինչ առավելագույն արագացում կարելի է ակնկալել պատվարի հիմքում և ինչ հավանականությամբ։ Իմանալով դա` կարելի է հաշվարկել, թե ինչ կայունության  պետք է լինի պատվարը։

Ինչպես արդեն նշվեց՝ բնակելի շենքերի և մի շարք այլ օբյեկտների համար ռիսկը հաշվարկվում է 50 տարով։ Այլ օբյեկտների համար, ինչպիսիք են ջրամբարները, թափոնների պահեստավայրերը, էլեկտակայանները և այլն, առավել խիստ ստանդարտներ են կիրառվում, այդ թվում՝ միջազգային։ Օրինակ՝ ջրամբարների համար կարող է լինել 475 կամ 1000 տարի, իսկ ատոմակայանի համար՝ 10 000 տարի։

Ինչ վիճակում են երկրաշարժի օրը հոսպիտալացված հղի կանայք

Ինչպես արդեն նշվեց, «Գեոռիսկը» սեյսմիկ վտանգավորության գնահատում է անցկացրել Հայաստանի ԱԷԿ-ի համար։ Նմանատիպ աշխատանքներ մենք իրականացրել ենք որոշ ջրամբարների և թափոնների պահեստավայրերի համար, մասնավորապես՝ 2019թ․-ին, ՀԷԿ-ի Որոտանի կասկադի երեք պատվարների համար։