ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել։ «Արմենպրեսի» հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը` անդրադառնալով «Իսկանդերի» կիրառման–չկիրառման` մեծ աղմուկ հանած թեմային։
Փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։ Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։
«ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի` վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,–ասել է Մանե Գևորգյանը։
Նրա խոսքով` վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում:
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
Գևորգյանը վստահեցնում է, որ ՀՀ-ն շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։