ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարացրել է «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով երկիր մուտք գործելու թույլտվությունը։
«Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 2021 թվականի փետրվարի 26-ի №485 կարգադրությունը, որը նախատեսում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» բջջային հավելվածի կիրառման ժամկետը` ՌԴ պետական սահմանի կոնկրետ անցակետեր հատելիս կորոնավիրուսի նոր վարակի հետազոտության բացասական արդյունքները ներկայացնելու համար», – ասված է կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հավելվածի կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև 2021 թվականի մարտի 1-ը։
Ընդգծվում է, որ համապատասխան որոշումը տարածվում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների վրա։ Այսպիսով, Հայաստանի և Բելառուսի քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով` «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հատուկ բջջային հավելվածի կիրառմամբ։
Հավելվածը, որում նշված է հաստատում անցած լաբորատորիաների ցանկը, թույլ է տալիս պահպանել թեստերի արդյունքներն ու QR կոդերը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ ՀՀ քաղաքացիները ՌԴ մեկնելու իրավունք ունեն կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։
«Միասնական պատուհան» ԵԱՏՄ–ում. Փաշինյանի առաջարկը` աշխատուժի ազատ տեղաշարժի մասին