Հայաստանն օգնություն չի խնդրել Ռուսաստանից. Մատվիենկո

Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի միջամտում ինքնիշխան պետությունների գործերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայաստանն օգնության խնդրանքով չի դիմել Ռուսաստանին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀՀ–ում, Հայաստանի ներքին գործն է։ Հայաստանին ինչ-որ բանով օգնելու ոչ մի խնդրանք Հայաստանի ղեկավարությունից, իմ գործընկերոջից (Հայաստանի խորհրդարանի նախագահից) չի եղել», - ասել է նա։

Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի միջամտում ինքնիշխան պետությունների գործերին:

«Դա մեր կանոններից դուրս է», - ընդգծել է Դաշնության խորհրդի խոսնակը:

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են. ՀՀ նախագահը վատառողջ է

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Փետրվարի 27-ին Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել է մասնակցել հանրահավաքին ու երթին։ Իսկ ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում մեկնարկելու է ընդդիմության հանրահավաքը։