«Այս ամենը չեմ կարող հանդուրժել». գեներալ փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Բանակի ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից, միանում ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում ԳՇ պետին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները ճշտելու նպատակով Sputnik Արմենիան դիմեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։

Աշխատանքից ազատել եմ Օնիկ Գասպարյանին. Նիկոլ Փաշինյան

Այստեղ մեզ հայտնեցին, որ փոխմարզպետի հրաժարականի մասին իրենք էլ են լսել, բայց լուրը դեռ պաշտոնական չէ։

«Եկեք սպասենք վարչապետի որոշմանը»,– ի պատասխան մեր հարցման` հայտնեցին մարզպետարանից։

Մինչդեռ մամուլում արդեն տարածվել է նաև կոչումով գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի հայտարարությունը։

Դրանում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա»:

«Օնիկ Գասպարյանի վերաբերյալ նախապայմանն անընդունելի է մեզ համար»․ Ռուբինյան

Որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, Մուրադյանը հայտարարում է, որ այդ ամենը չի կարող հանդուրժել, ուստի այսօրվանից իր դիմումի համաձայն հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում է ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին:

Ընդդիմադիրները շարժվում են նախագահական. պահանջելու են չստորագրել ԳՇ պետին ազատելու դիմումը

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։