Ես ոչ մեկի կողքին կանգնած չեմ. Խաչատուր Սուքիասյանը մասնակցում է իշխանության հանրահավաքին

Գործարարը հայտարարեց` տեղյակ չէ, թե «Սիլ» կոնցեռնից ովքեր ու քանի հոգի են եկել հրապարակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. «Սիլ» կոնցեռնի նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանը քիչ առաջ ժամանեց Հանրապետության հրապարակ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։

«Մոռանում եք նախկին բոլոր ոճերը հարաբերությունների,– ասաց նա` պատասխանելով լրագրողների հարցին, թե քանի հոգու ներկայություն է ապահովել հանրահավաքում,– նախկինում ստիպողաբար էր, հիմա, այս երեք տարիների ընթացքում մարդիկ իրենց գիտակցությամբ են առաջնորդվում»։

Սուքիասյանը վստահեցրեց, որ տեղյակ չէ, թե «Սիլ» կոնցեռնից ովքեր ու քանի հոգի են եկել հրապարակ։

«Ես ոչ մեկի կողքին կանգնած չեմ։ Ես ունեմ միտք, պատկերացում, թե Հայաստանն ինչ ձևով պիտի զարգանա։ ՀՀ–ն պետք է շղթայված բարեփոխումների շարքով գնա ու ոչ մի վայրկյան չկանգնի»,– ասաց նա։

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են. ՀՀ նախագահը վատառողջ է

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Փետրվարի 27-ին Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին` ժամը 18։30, հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։