«Ես շատ եմ մտածել, թե որտեղ ենք մենք սխալվել». Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց

ՀՀ վարչապետը ներողություն խնդրեց ոչ միայն իր, այլև Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր նախորդ իշխանությունների գործած սխալների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներողություն է խնդրում իր կառավարման 2 տարի 10 ամսվա ընթացքում թույլ տված սխալների համար։

Փաշինյանը հանրահավաքին ներկայացավ ընտանյոք հանդերձ

«Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքը իմ մասին է։ Եվ ես ուզում եմ ձեզնից բոլորից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված սխալների համար»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց` շատ է մտածել, թե որտեղ են իրենք սխալվել, ինչու է սխալվել իրենց քաղաքական թիմը։

«Որքան էլ տարօրինակ թվա, մեր սխալների հիմնական պատճառը մեր սիրված լինելն է եղել։ Մենք այնքան սիրված ենք եղել, որ որպես իշխանություն ձգտել ենք ավելացնել այդ սերը և մեր սերը ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ»,– ասաց նա` շեշտելով, որ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության։

Փաշինյանը ներողություն խնդրեց ոչ միայն իր, այլև Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր նախորդ իշխանությունների գործած սխալների համար։

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են. ՀՀ նախագահը վատառողջ է

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Փետրվարի 27-ին Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին` ժամը 18։30, հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Իսկ ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։