«Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք». Էդմոն Մարուքյանը նոր առաջարկ է անում վարչապետ Փաշինյանին

Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկում էր հետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանի նախագիծը, ձեռք չտալ ԳՇ շտաբի, 5 բանակային կորպուսների ղեկավարներին ու ընդհանրապես հանգիստ թողնել բանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը։ Այս մասին նա հայտնեց այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ցանկացած կոմպրոմիսի պատրաստ ենք խորհրդարանը ցրելու դիմաց։ Գնացեք Փաշինյանին ասեք` Էդմոն Մարուքյանը ցանկացած կոմպրոմիսի պատրաստ է, ցրե՛ք խորհրդարանը։ Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք, ցանկացած հուշագիր ստորագրում եմ»,– ասաց Մարուքյանը` Նիկոլ Փաշինյանին հրավիրելով քննարկել իր առաջարկը։

Մարուքյանը շեշտեց, որ այսկերպ իր ղեկավարած քաղաքական ուժը կոմպրոմիսի է գնում` հանուն երկրում լարվածության թուլացման։

«Մենք հիմա կոմպրոմիսի ենք գնում, ինքը պատրա՞ստ է կոմպրոմիսի գնալ, թե՞ միայն Ադրբեջանի կոմպրոմիսին են գնում»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք` իր այս առաջարկը Մարուքյանը հնչեցրեց ի լրումն փետրվարի 28-ին Facebook-ի իր էջում ներկայացրած ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկի։ Դրանով Մարուքյանն վարչապետին առաջարկում էր հետ վերցնել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանի նախագիծը, ձեռք չտալ գլխավոր շտաբի, հինգ բանակային կորպուսների ղեկավարներին ու ընդհանրապես հանգիստ թողնել բանակը։

Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խմբակցության անունից խոստանում է ստորագրել հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։

«Պատրաստ ենք գործնական քայլեր անել». Մակունցը` Մարուքյանի առաջարկած հուշագրի մասին