Բանակը ճիշտ է արել, և վարչապետն իրավունք չունի հետապնդելու հրամանատարներին. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարարը նշում է, որ միայն երկու հոգի են ԳՇ–ի հայտարարությունը հեղաշրջման փորձ որակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Բանակը ճիշտ է արել, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի բանակի հրամանատարությանը ո՛չ պաշտոնից ազատելու, ո՛չ էլ ճնշելու։ Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Տավուշ տեքստիլը» միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գեղամ Մանուկյան

«Ինչ է` բանակը պետք է նայի, թե ինչպե՞ս են մաս–մաս հանձնում թուրքերին ու ադրբեջանցիներին մեր հողերը։ Ասում են` բանակը պետք է քաղաքական չեզոքություն ցուցաբերի, ինչն էլ անում է բանակը, քանի որ չի մասնակցում այս հանրահավաքներին»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահն են որակել գլխավոր շտաբի հայտարարությունը որպես ռազմական հեղաշրջման փորձ, իսկ մյուսները հասկացել են, որ ԳՇ–ն իր կարծիքն է հայտնել։

Օհանյանն ասաց նաև, որ թվում է, թե երիտասարդ բանակ ունենք, սակայն իրականում այդ բանակի խորքում մեր դարավոր պայքարի ոգին է։ Օհանյանը հայտնեց նաև, որ հանրահավաքին մասնակցում են նախկին 3 գլխավոր շտաբի պետեր` ինքը, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը և գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ հանրահավաքներ են. Հանրապետության հրապարակում ընթանում է իշխանությունների կողմնակիցների, Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքները։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։