ՀՀ բնակչության 60-70 տոկոսն արդեն վարակվել է կորոնավիրուսով, հետևաբար թագավարակի 3-րդ ալիքի մասին անհանգստություններն այնքան էլ տեղին չեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։
«Իմ կարծիքով` մենք բնակչության բնականոն իմունացված մեծ շերտ ունենք, դրա համար էլ վարակն ինտենսիվ տարածում չունի»,- ասաց նա։
Նրա խոսքով` կորոնավիրուսի տարածվածության ամենամեծ ցուցանիշը Հայաստանում գրանցվել է արցախա-ադրբեջանական պատերազմի օրերին։ Իսկ հիմա արդեն վարակվածության կայուն նվազման միտում ունենք։
«Արդեն մեկ ամիս է՝ կայուն նվազման միտում ունենք, վարակվածների թիվը չի գերազանցել օրական հետազոտվածների 7-8 տոկոսը, իսկ վերջին օրերին ունեցել ենք 3-4 տոկոս դրական ցուցանիշ։ Բնական ճանապարհով հիվանդացության տարածման տեմպերը հետզհետե նվազում են»,- նշեց Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի մեկին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը։ Անցած տարվա մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։