ՌԱԴԻՈ

Վարչապետն Անվտանգության խորհուրդն օգտագործում է որպես ՀՀ նախագահին ճնշելու գործիք

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԱԽ խմբագրված հայտարարությանը, որով կառույցը ՀՀ նախագահին առաջարկում է բավարարել վարչապետի` ՀՀ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր։
Sputnik
Վարչապետն Անվտանգության խորհուրդն օգտագործում է որպես ՀՀ նախագահին ճնշելու գործիք

Անդրադառնալով մասնավորապես այն փաստին, որ ԱԽ–ն որոշ ժամանակ անց խմբագրել է իր հայտարարության նախնական տեքստը` դա պատճառաբանելով տեխնիկական խոտանի առկայությամբ, քաղաքագետ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ իհարկե փաստաթղթերում լինում է տեխնիկական խոտան, երբ հրապարակվող տեքստում պակասում են բառեր կամ տառեր, չի դրվում ստորակետ կամ այլ կետադրական նշան, իսկ այն, ինչ կապված է Անվտանգության խորհրդի հայտարարության հետ, նրա համոզմամբ, ուղղակի անփույթ աշխատանքի արդյունք է, որովհետև նման հայտարարություն հրապարակելուց առաջ նախ պետք է իմանալ` արդյո՞ք կոնկերտ կառույցն այդ բնույթի փաստաթուղթ հրապարակելու լիազորություն ունի, թե ոչ։

«Անհրաժեշտ էր նախապես ճշտել, թե հրապարակվող հայտարարությունը որքանով է համապատասխանում Սահմանադրությանը, հետո միայն  իրականացնել որոշակի գործողություններ։ Այն, ինչ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի հետ, ցույց է տալիս, թե որքան փնթի է աշխատում պետական կարևորագույն ինստիտուտներից մեկը։ Դա ցույց է տալիս նաև, թե ինչպիսի տրամադրություններ կան իշխանության ներսում, որովհետև գաղտնիք չէ, որ վարչապետը մեծ ցանկություն ունի աշխատանքից ազատելու ԳՇ պետին, որը համարձակվել է իրեն չենթարկվել, ուստի իր նպատակին հասնելու համար օգտագործում է ցանկացած լծակ»,– նշեց քաղտեխնոլոգը։ 

Բադալյանի կարծիքով` ԱԽ–ն փոխանակ զբաղվի իր համար կարևոր գործառույթներով, պատերազմից հետո վերամշակի ու կյանքի կոչի քաղաքագիտական լուրջ, կենսական նշանակություն ունեցող ՀՀ անվտանգության հայեցակարգը, ընդամենը հանդիսանում է գործիք վարչապետի ձեռքին` ներքաղաքական գործընթացներում հարցեր պարզաբանելու և նախագահի վրա որոշակի ճնշում գործադրելու համար։ 

Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. խորհրդի կազմում նաև ԶՈւ ԳՇ պետն է

Քաղտեխնոլոգի գնահատմամբ` ԱԽ–ն երբեք պատրաստ չի եղել ներհայաստանյան մարտահրավերներին։ Ըստ նրա` այդ կառույցը պետք է մշակեր ոչ միայն իր, այլև առանձին ոլորտների անվտանգային հայեցակարգերը, իսկ արցախյան պատերազմի ընթացքում, որպես մարմին, ընդհանրապես գոյություն չուներ։ Բադալյանի խոսքով` Անվտանգության խորհուրդը վարչապետի ձեռքին միշտ էլ եղել է գործիք, իսկ հիմա ավելի բռի կերպով է օգտագործվում։ 

Հիշեցնենք, որ այսօր տարածած հայտարարության նախնական տարբերակում ԱԽ–ն ՀՀ նախագահին կոչ էր անում բավարարել վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր, մինչդեռ ՀՀ Սահմանադրության մեջ չկա որևէ դրույթ այն մասին, որ Անվտանգության խորհուրդը մասնակցում է ԳՇ պետի նշանակմանը կամ կարող է կոչով հանդես գալ, որոնք սահմանափակում են ՀՀ նախագահի իրավունքը։  

Հայտարարության խմբագրված տեքստում ԱԽ–ն ՀՀ նախագահին կոչով դիմելու փոխարեն հանդես է եկել առաջարկություն անելու տարբերակով։

Անվտանգության խորհուրդն Արմեն Սարգսյանին հորդորում է բավարարել վարչապետի միջնորդությունը