ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. 2021թ–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե, որով Հայաստանը կանցնի կիսանախագահական կառավարման համակարգի։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս գործընթացը մենք պետք է իրականացնենք կառավարության, ԱԺ–ի, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»,– ասաց նա։
Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխությունը չի ենթադրում հանրաքվե, այլ դրանք հնարավոր է փոխել ԱԺ–ում քվեարկության միջոցով։
«Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի Սահմանադրության այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը ՀՀ–ում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը»,– ասաց նա։
Հիշեցնենք` Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի:
«Ես շատ եմ մտածել, թե որտեղ ենք մենք սխալվել». Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց