ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Առաջիկա 13 օրերին մեր երկիրը շարունակելու է մնալ պատային վիճակում։ Այս կարծիքին է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Facebook-ի իր էջում նա գրառում է կատարել՝ ամփոփելով ստեղծված իրավիճակը։
Մարուքյանը վստահ է, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմելու է Սահմանադրական դատարան՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկության վերաբերյալ։ Սա, ըստ նրա, ակնհայտ է, քանի որ նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ տեսնում է խնդիր` կապված Սահմանադրության հետ։ Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունն օգտագործելու համար նախագահն ունի եռօրյա ժամկետ։
Սահմանադրական դատարանը գործը պետք է քննի նախագահի դիմումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում։
«Ստացվում է, որ երկիրը ևս տասներեք օր մնում է անորոշ պատային վիճակի մեջ, որտեղ գլխավոր դերակատարը` վարչապետը, որևէ լայնախոհ, պատասխանատու և պետականամետ քայլ չի կատարում առանց այն էլ պրկված մթնոլորտը լիցքաթափելու եւ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար»,- գրում է Մարուքյանը։
Նա շեշտում է, որ երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետևանքներով։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:
Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։