Նարեկացու հիշատակի օրվա կապակցությամբ Վատիկանում պատարագ է մատուցվել. լուսանկարներ

Պատարագից հետո Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ էկումենիկ աղոթք է հնչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 287 փետրվարի – Sputnik. Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում երեկ` փետրվարի 27-ին, տեղի է ունեցել Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ` Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ Լեոնարդո Կարդինալ Սանդրիի նախագահությամբ։ Տեղեկությունը հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։

Նարեկացու հիշատակի օրվա կապակցությամբ Վատիկանում պատարագ է մատուցվել. լուսանկարներ

Պատարագին հետևել է էկումենիկ աղոթք՝ Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ, որին ներկա են գտնվել նաև Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման քահանայապետական խորհրդի նախագահ Կուրտ Կարդինալ Կոխը, պաշտոնատար անձիք, օտարերկրյա դեսպաններ, ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

Նարեկացու հիշատակի օրվա կապակցությամբ Վատիկանում պատարագ է մատուցվել. լուսանկարներ

ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթի ընթացքում անդրադառնալով Նարեկացու հոգևոր-գրական ժառանգությանը` նշել է, որ Հռոմեական գլխավոր օրացույցում Ս․ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը ներառելու Ֆրանցիսկոս պապի վերջերս կայացրած որոշումը գալիս է փաստելու հայաստանյայց ու կաթոլիկ քույր եկեղեցիների միջև շարունակական սերտացման, ինչպես նաև Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև զարգացող հարաբերությունների մասին։

Նազարյանի խոսքով` հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում երբեք չի ընկրկել իրեն պարտադրված պատերազմների, հարևանների ագրեսիայի, ջարդերի, ցեղասպանության ու այլ զրկանքների առջև, վեր է հառել և շարունակել է հավատարիմ մնալ քրիստոնեական ու համամարդկային իդեալներին։

«Խաղաղության վարդապետի» (ինչպես ավելի վաղ Նարեկացուն անվանել էր Հռոմի պապը) օրվա առթիվ ՀՀ դեսպանն ընդգծել է ազգային ու գլոբալ մակարդակներում խաղաղության քաղաքակրթություն կերտելու եկեղեցու ու միջազգային հանրության ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։

Նարեկացու հիշատակի օրվա կապակցությամբ Վատիկանում պատարագ է մատուցվել. լուսանկարներ

Հիշատակի այս արարողությունները կազմակերպել էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանությունը, Քրիստոնեական միասնության խթանման Քահանայապետական խորհուրդը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար ու վերջինիս նախաձեռնությամբ։ Արարողություններին մասնակցել են նաև Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արք. Զեքիյանը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանը, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Նարեկ վրդ․ Նամոյանը, հայ կաթողիկե քույրերը, հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիների հոգևորականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները։