ՄԻՊ–ը բոլոր ապացույցներն ունի. Թաթոյանը` հայերի ջարդերի մասին

Հայատյացությունն Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվում է․ դրա ապացույցներից է այն, որ ադրբեջանցի զինծառայողները տեսանկարահանում են իրենց հանցանքները՝ վստահ լինելով, որ չեն պատժվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik.Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամփոփել է 1988թ․-ին Սումգայիթում սկիզբ առած ու 3 տասնամյակից ավելի տարիներ հայերի հանդեպ շարունակված ադրբեջանական վայրագությունները, խոսել միջազգային հանրության լռության ու դրա ծանր հետևանքների մասին։ Պաշտպանի աշխատակազմը Facebook-ի պաշտոնական էջում տարածել է ծավալուն հաղորդագրություն, որում ներկայացված են վերջին 33 տարիների հայատյացության դաժան դրսևորումների մի քանի օրինակներ։

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ–ն հիշեցնում է վերջին 33 տարիները

Սումգայիթի ոճրագործությունը սկսվել է 1988թ. փետրվարի 26-ի երեկոյան․ պաշտպանը շեշտում է, որ այն հենց միանգամից ուղեկցվել է սպանություններով, հայերին ողջ վիճակում այրելով ու անդամալույծ անելով, նրանց տներն ու անձնական իրերն ավերելով:

«Սրանով սկիզբ դրվեցին ու շարունակվեցին Գանձակում (Կիրովաբադ), Բաքվում, Մարաղայում, Շահումյանում և մյուս ավելի քան 320 հայաբնակ քաղաքներում ու գյուղերում հայերի նկատմամբ վայրագությունները: Միայն Գանձակ քաղաքում 1988թ. դրությամբ ապրում էր 45 հազար հայ: Նշված բոլոր վայրերում տեղի ունեցան հայ խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ, նրանք դաժանաբար սպանվեցին, այդ թվում՝ կյանքից բարբարոսաբար զրկվեցին երեխաներ, կանայք ու տարեցներ, ենթարկվեցին խոշտանգումների, ինչի հետևանքով նաև տանջամահ եղան, մարմինները ենթարկվեցին անարգանքի»,- ներկայացնում է պաշտպանը։

Ոչ միայն սպանվեցին ու խոշտանգվեցին, այլև իրենց մշտական բնակության վայրերից բռնի տեղահանվեցին հազարավոր հայեր:

Ադրբեջանական վայրագությունները շարունակվեցին նաև 1991-1992թթ։ Մասնավորաբար, 1992թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում Ադրբեջանի զինված ստորաբաժանումներն իրագործեցին խաղաղ հայ բնակչության անխնա ոչնչացում։ Զոհվածների թիվն այստեղ հասնում է 57-ի, գերակշիռ մասը կանայք, երեխաներ, ծերեր։ Պաշպանն ընդգծում է՝ նրանց ծեծել, անարգել, բռնաբարել, անդամահատել, այրել են, ինչպես կենդանության օրոք, այնպես էլ մահվանից հետո:

Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

«Այս ամենը կատարվել է հրոսակախմբերի կողմից՝ իրավապահ մարմինների ամենաթողության պայմաններում, իսկ առանձին դեպքերում հենց այդ մարմինների անմիջական մասնակցությամբ»։

Հայաստանի ՄԻՊ-ը շեշտում է, որ պաշտպանի աշխատակազմը տիրապետում է հավաստի, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցների, որոնք հաստատում են նկարագրվածը:

Արման Թաթոյանն ընդգծում է, որ այս վայրագություններն արվել են «ի պատասխան իրենց կյանքի, անվտանգության ու կենսական կարևորության մյուս իրավունքները պաշտպանելուն, ինքնորոշման իրենց անօտարելի իրավունքը վերականգնելուն ուղղված Արցախի հայերի քայլերի»:

Սա էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականություն է, որի հիմքում հայերի նկատմամբ պետական աջակցությամբ հայատյացությունն էր:

Պաշտպանը շեշտում է, որ «հայասպանությունը, ազգությամբ հային խոշտանգելը միայն ակնհայտ խրախուսվում էր Ադրբեջանի բարձրագույն իշխանության մարմինների կողմից»։ Որպես դրա վառ օրինակ Թաթոյանը հիշեցնում է 2004թ. փետրվարը, երբ Բուդապեշտում ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժանական կացնահարեց ու սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Նա հետագայում հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլև արժանացավ բարձրագույն մակարդակի հերոսացման:

Թաթոյանի հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական ԶԼՄ–ներում

Ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով վայրագությունները շարունակվել են նաև Արցախի բնակչության դեմ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում, արձանագրվել են հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դաժան սպանություններ, խոշտանգումներ, մարմինների անարգանքի բազմաթիվ դեպքեր:

«Այս ամենն իրականացրել են ադրբեջանական զինված ուժերը ու ներգրավված ահաբեկիչները, որոնք նկարում էին տեսանյութեր ու, ակնհայտ վստահ լինելով, որ անպատժելի են, ցինիկաբար բաց դեմքով ցուցադրում, թե ինչպես են, օրինակ, կտրում հայի գլուխ, ականջ կամ անարգանքի ենթարկում մարմիններ»,- նշում է պաշտպանը։

Միջազգային հանրությանը մեղադրելը տեղին չէ. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին 

Հայատյացության պետական քաղաքականությունն Ադրբեջանում այսօր էլ է շարունակվում։ Այս մասին ակնհայտորեն վկայում է հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին գերեվարելը ու նրանց արհեստական պատճառներով չվերադարձնելը, հարցը մշտապես քաղաքականացնելն ու սակարկությունների առարկա դարձնելը:

«Միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքը նկարագրված վայրագություններին, իսկ շատ դեպքերում պարզապես լռությունը՝ միայն նպաստել է նրան, որ հայերի նկատմամբ 1988թ.վայրագություններն ու հայատյացությունը ոչ միայն չբացառվեցին հետագայում, այլ նաև խորացան ու առավել դաժան դրսևորումներ ստացան»,- շեշտում է պաշտպանը։

Թաթոյանն արձագանքել է Ալիևին՝ շեշտելով, որ նա խաբում է

Հայաստանի ՄԻՊ-ն ընդգծում է՝ մարդու իրավունքների խախտումների, հանցանքների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր, ավելի կոպիտ խախտումներ, ավելի դաժան հանցանքներ: