Մարտի 1-ին իշխանության ու ընդդիմության հանրահավաքները գրեթե միաժամանակ կմեկնարկեն

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ իրենք չեն հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական ինստիտուտների կազմաքանդումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Մարտի 1-ին՝ ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում կսկսվի ընդդիմության հանրահավաքը։ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդն է նման որոշում կայացրել՝ հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը։

«Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից»,- նշված է շարժման` Facebook-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ իշխանության հեռացումն անխուսափելի է: Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը կոչ է անում մասնակցել հանրահավաքին, համախմբել ուժերը՝ վարչապետի պաշտոնանկության պահանջով։

Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ Բաղրամյան պողոտայում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել էր, որ մարտի 1-ին հանրահավաք կանցկացնեն 16։00-ին։

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին` ժամը 18:30-ին, հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։