ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իրանի իշխանություններն արգելել են 32 երկրի քաղաքացիների մուտքը պետության տարածք։ Որոշումը թելադրված է կորոնավիրուսի և այդ հիվանդության նոր մանրէահիմքերի տարածումը զսպելու ցանկությամբ։ Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը։
Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Հասան Զիբաքշի խոսքով՝ արգելքը սահմանվում է այն ուղևորների համար, որոնք կոնկրետ երկրներից միանգամից մեկնում են Իրան կամ վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան չորս ժամ անցկացրել են այդ երկրներում։
Արգելքի տակ հայտված երկրների ցանկում են Մեծ Բրիտանիան, Անգոլան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Արգենտինան, Բոլիվիան, Բոտսվանան, Բրազիլիան, Բուրունդին, Կաբո Վերդեն, Չիլին, Կոլումբիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Էկվադորը, Էսվատինին, Ֆրանսիական Գվինեան, Լեսոտոն, Գայանան, Մալավին, Մավրիտանիան, Մոզամբիկը, Նամիբիան, Պանաման, Պարագվայը, Պերուն, Ռուանդան, Սեյշելները, Սուրինամը, Տանզանիան, Ուրուգվայը, Վենեսուելան, Զամբիան և Զիմբաբվեն:
Զիբաքշը նաև նշել է, որ 8 տարեկանից բարձր բոլոր ուղևորները, որոնք մեկնում են Իրան, պետք է COVID 19-ի բացասական թեստ ներկայացնեն: