«Ախր, դուք այդքան ձայն չունեք»․ Մարուքյանը` ՀՀ նախագահի հնարավոր իմպիչմենտի մասին

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու թեման հերթական թատրոնն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության թեմային։

«Իշխանությունը փոխանակ փորձի լեզու գտնել բոլորի հետ և այս ճգնաժամի հանգուցալուծումը տա, հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն: Պատկերացնու՞մ եք՝ խորհրդարանում նման գործընթաց սկսեն: Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան»,- գրել է Մարուքյանը։

Նրա խոսքով` իրականում ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու թեման հերթական թատրոնն է:

«Իբր դրանով սպառնում են նախագահին, որ նա հանկարծ ՍԴ չդիմի: Ախր, դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում»,– նշել է պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանն այսօր Facebook-ի իր էջում գրել էր, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)։

Սահմանադրության 141 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար: Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան: Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Այս դեպքում իշխանական խմբակցությանը պետք է առնվազն 86 պատգամավորի քվե։ Իսկ խմբակցությունը հիմա 83 պատգամավոր ունի. արցախյան պատերազմից հետո 5-ը հեռացել են «Իմ քայլից»։

«Եվս 13 օր երկիրը մնում է պատային վիճակի մեջ»․ Էդմոն Մարուքյանն ամփոփել է փետրվարի 27-ը

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։