Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել Բաղրամյան պողոտայում

Նախաձեռնության կազմակերպիչների խոսքով՝ Արա Սաղաթելյանը հետպատերազմյան Հայաստանի Հանրապետության առաջին քաղբանտարկյալն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համահիմնադիր Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել Բաղրամյան պողոտայում։ Տեղեկությունը հայտնում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը։

«Առաջադրված մեղադրանքի թե’ փաստական կողմը և թե’ իրավաբանական որակումը մտացածին են և չեն դիմանում որևէ քննադատության, ինչը հիմնավոր փաստարկել են ինչպես իրավական համայնքի, այնպես էլ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ հարգված ներկայացուցիչներ»,- նշել է Մելոյանը։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության՝  Սաղաթելյանը մեղադրվում է Facebook-ի կեղծ օգտատիրոջ հետ կապի մեջ, ինչը հիմնավորվում է նրանով, որ 2021 թվականի փետրվարի կեսերին Արա Սաղաթելյանը հեռախոսը միացել է այն նույն VPN հավելվածի IP հասցեին, որին 2020 թվականի հոկտեմբերի կեսերին համակցվել է նշված օգտատիրոջ ֆեյսբուքյան հաշիվը։

Մելոյանը մատնանշում է, որ նույն ժամանակահատվածում մի քանի տասնյակ մարդկանց հեռախոսներ միացել են վերոնշյալ IP հասցեին։ Նրա համոզմամբ՝ Արա Սաղաթելյանի անձի ընտրությունը և նրա կալանավորումն ընդգծում են իրականացվող գործընթացի առերևույթ կողմնակալ և սուբյեկտիվ լինելու հանգամանքն ու քաղաքական հետապնդման նպատակը։

Իրավագետն անդրադարձել է առաջադրված մեղադրանքի իրավական կողմին՝  այն անվանելով «աբսուրդի ժանրից»։ Նա շեշտել է նաև այն հանգամանքը, որ ԱԱԾ-ն որոշում է կայացրել սահմանափակելու Արա Սաղաթելյանի՝ տեսակցություններ ունենալու իրավունքը՝ այդ սահմանափակումը տարածելով նրա ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխայի վրա՝ որևէ կերպ չպատճառաբանելով այդ որոշումը։

«Ամփոփելով վերոգրյալը և հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900-րդ բանաձևում ամրագրված «քաղաքական բանտարկյալ» եզրույթի սահմանումը՝ փաստում ենք, որ Արա Սաղաթելյանը հետպատերազմյան Հայաստանի Հանրապետության առաջին քաղբանտարկյալն է»,- եզրափակել է Մելոյանը։

Հիշեցնենք` Սաղաթելյանը ձերբակալվեց փետրվարի 19-ին, իսկ ամսի 21-ին կալանավորվեց։