COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին

Ռուս բժշկի խոսքով՝ կորոնավիրուսային վարակին սպասում է այն անխուսափելի մուտացիան, որն անցել են «Իսպանական» և «Հոնկոնգյան» գրիպները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը վիրուսների մուտացիան բնական վիճակ է համարում։ Նրա խոսքով՝ դա շարունակական պրոցես է։ Այդ մասին բժիշկը գրել է իր Telegram ալիքում։

Ինչու են երբեմն առողջ մարդիկ COVID-19–ը ավելի ծանր տանում կամ մահանում դրանից

«Մուտացիաներն անընդհատ են տեղի ունենում։ Վիրուսը, ըստ էության, պետք է էվոլյուցիայի ենթարկվի այնպես, որ ավելի արագ տարածվի և պակաս ագրեսիվ դառնա»,-նշել է Մյասնիկովը։

Նրա խոսքով՝ ժամանակակից պատվաստանյութերն ունակ են ծածկել բոլոր մուտացիաները, իսկ հակամարմինները չեզոքացնում են վիրուսի ամբողջ սպիտակուցային «փուշը», ոչ թե դրա առանձին՝ մուտացիաների ենթարկվող բաղադրիչները։

Ալեքսանդր Մյասնիկովի խոսքով՝ կորոնավիրուսային վարակին սպասում է այն անխուսափելի մուտացիան, որն անցել են «Իսպանական» և «Հոնկոնգյան» գրիպները։

Ռուսաստանում COVID-19-ի բարձր ճշգրտությամբ էքսպրես թեստ են մշակել

«Եղել է «Իսպանկան», եղել է «Հոնկոնգյան գրիպը», սակայն այսօր դրանք առանձնապես ոչ ոքի չեն վախեցնում (ի դեպ՝ իզուր)։ Կորոնավիրուսին էլ ճիշտ նույնպիսի էվոլյուցիա է սպասում»,-ասել է հայտնի բժիշկն ու հաղորդավարը։

Մյասնիկովը համոզված է, որ պատվաստումները մարդու կյանքում պարբերական և սովորական կդառնան, իսկ մուտացիաները՝ կենցաղի մի մաս։