Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Հայաստանում իսկապես ստեղծվել է աննախադեպ ներքաղաքական իրավիճակ, որովհետև վերջին երեսուն տարիների ընթացքում ՀՀ–ում ինչպիսի ներքաղաքական ճգնաժամեր էլ որ եղել են, ԶՈւ գլխավոր շտաբը երբեք հանդես չի եկել քաղաքական հայտարարությամբ և երկրի գործող ղեկավարին հրաժարական տալու կոչ չի արել։
«Իսկ Թուրքիայի և նրա նախագահ Էրդողանի պահվածքն ինձ մոտ տարօրինակ զգացողություններ է առաջացրել` ի հայտ բերելով մի շարք հարցեր, որոնց պատասխանները չունենք մինչ այս պահը։ Ավելին` Հայաստանի ԱԳՆ–ն դեռ որևէ կերպ չի արձագանքել Թուրքիայի, մեղմ ասած, տարօրինակ պահվածքին»,– նշեց փորձագետը։
Բալասանյանի խոսքով` միանգամից երկու բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ` արտգործնախարարն ու Էրդողանի մամլո խոսնակը դատապարտեցին, իրենց լեզվով ասած, զինվորական հեղաշրջման փորձը. որևէ քաղաքական ուժ, որևէ երկիր, Թուրքիայից բացի, վերջին զարգացումները չի որակել որպես զինվորական հեղաշրջման փորձ։
«Մենք այստեղ տեսնում ենք գուցե ոչ միտումնավոր, բայց միևնույն լարի վրա խաղալու փորձ, որովհետև նման որակում տվել են ՀՀ վարչապետը և Թուրքիան։ Մեզ համար շատ տարօրինակ է Թուրքիայի չափից դուրս պատրաստակամությունը և մտահոգությունը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Նշենք, որ մեր ԶՈւ գլխավոր շտաբը երբեք բանակի միջամտության մասին հայտարարություն չի արել, հետևաբար Էրդողանը որտեղի՞ց է վերցրել կամ նրան ի՞նչ են զեկուցել առ այն, որ հայաստանյան ճգնաժամի պայմաններում փորձ է արվելու բանակը ներքաշել իրադարձությունների մեջ»,– նշեց փորձագետը։
Բալասանյանը հիշեցրեց, որ Թուրքիայում Էրդողանի կառավարման տարիներին մեծ թափ էր առել Էրգենեկոնի գործը, որը վերաբերում էր հենց թուրքական բանակի ղեկավարությանը, գործող գեներալիտետի դիրքորոշմանը, ինչի առթիվ ականատես եղանք զանգվածային ձերբակալությունների։ Ըստ նրա` ՀՀ իշխանությունները պետք է իրենց մտքով երբևէ չանցկացնեն, որ մեզ մոտ հնարավոր է «Էրգենեկոն-2» իրականացնել։
Թուրքիան դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը
Տեղեկացնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 26-ին հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանում իշխանափոխությամբ պետք է զբաղվի ժողովուրդը, այլ ոչ թե բանակը։