Ընդդիմության հանրահավաքը մեկնարկեց. Կապանում ևս հանրահավաք է

Հանրահավաքի մեկնարկին մասնակիցները նախ մեջքով շրջվեցին դեպի ԱԺ–ը`ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի առաջարկով այդ կերպ իրենց վերաբերմունքը ցույց տալով «ժողովրդի հաշվին աշխատավարձ ստացող ու ոչինչ չանող» խորհրդարանի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում քիչ առաջ մեկնարկեց Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած՝ ընդդիմության միասնական  հանրահավաքը։

Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել. Հայրենիքի փրկության շարժում

Հանրահավաքի մեկնարկին մասնակիցները նախ մեջքով շրջվեցին դեպի ԱԺ–ը`ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի առաջարկով այդ կերպ իրենց վերաբերմունքը ցույց տալով «ժողովրդի հաշվին աշխատավարձ ստացող ու ոչինչ չանող» խորհրդարանի նկատմամբ։

Գեղամ Մանուկյանը նաև հայտարարեց, որ զուգահեռ այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և ի սատարումն ՀՀ ԶՈւ ԳՇ–ի ղեկավարության, հանրահավաք է անցկացվում նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

«Սա Հայաստանի պատմության մեջ այն եզակի դեպքն է, երբ ժողովուրդն է կանգնում իր բանակի կողքին»,– ասաց Մանուկյանը` հույս հայտնելով, որ ՀՀ պատմության հետագա ընթացքում նման համախմբման կարիք այլևս չի լինելու։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Ընդդիմությունը բեմահարթակ է տեղադրում Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասում

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։