Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

1988թ. փետրվարի 27-ին Ադրբեջանի իշխանությունները Սումգայիթ քաղաքում իրականացրեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը` ուղեկցած հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան` 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին։

Փաշինյանը` ՀՀ ԱԺ ղեկավարության, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք, ծաղկեպսակներ ու ծաղկեփունջ տեղադրել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ։

Արցախի վերածնունդն ու Ադրբեջանի բացեիբաց հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ–ն ուղերձ է հղել

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ:

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։