Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իհարկե մշտապես գտնվում է համապատասխան գերտերությունների ուշադրության կենտրոնում, և ըստ էության տարբեր գնահատականներ տարբեր պետությունների կողմից տրվում են։
«ԱՄՆ–ն կոչ արեց զերծ մնալ բանակն օգտագործելուց, ինչը շատ կարևոր նշանակություն ունի, քանզի հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ արդեն կար ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունը։ Դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները չեն որակում գլխավոր շտաբի գործողությունները որպես բանակի ներքաշում քաղաքական պրոցեսների մեջ, այլ պարզապես կոչ են անում նման քայլի չգնալ»,– նշեց քաղաքագետը։
Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայից հնչած արձագանքներին, ապա Սարգսյանն ընգծեց, որ այդ երկրի դիրքորոշումն ուղղված էր ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին, քանզի Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ այստեղ իշխանափոխությունն ինչ հետևանքներ կունենա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության տեսանկյունից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի համար։
Սարգսյանի կարծիքով` մեսիջները շատ են, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Ըստ նրա` ԱՄՆ–ն դեռ հստակ գնահատականներ չի տալիս, քանզի գործընթացը շարունակական է, բայց կոչ է անում զերծ մնալ բռնություններից, զինված բախումներից և գործել օրենքի շրջանակներում։ Քաղաքագետը չբացառեց, որ մոտ ժամանակներում ԱՄՆ–ն հանդես կգա համապատասխան հայտարարություններով։