Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հայերը չվերադառնան Արցախ, այդ թվում՝ Հադրութ ու Շուշի. ԱԳՆ

Ադրբեջանի ղեկավարությունը հայ և ադրբեջանցի ժողովուրդների համակեցության հայտարարություններով իրականում ընդամենը փորձում է քողարկել Արցախում էթնիկ զտումների և հայաթափության իր տխրահռչակ քաղաքականությունը, հայտարարել է ԱԳՆ խոսնակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողությանն անցած բնակավայրերից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայրեր, այդ թվում` Հադրութ, Շուշի ու ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող այլ բնակավայրեր։

Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար

Այս մասին «Արմենպրես»–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տեղահանված անձանց վերադարձը իրենց բնակության վայրեր՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո: Այնուամենայնիվ, հայտարարությունից անգամ մոտ չորս ամիս անց ադրբեջանական կողմը խոչընդոտում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ մասնագիտացված մարմինների մուտքը Արցախ՝ խաթարելով հումանիտար առաքելությունների իրականացումը»,– ասել է նա։

Ըստ Նաղդալյանի, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտրարությունից ակնհայտ է, որ պետք է վերադառնան նախևառաջ վերջին լայնածավալ պատերազմի ընթացքում տեղահանվածները, և որ այդ հայտարարությունը միտված է առաջին հերթին այդ պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանը:

«Մինչդեռ ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն չեն թույլատրում տեղահանվածների վերադարձը, այլև այրելով և ոչնչացնելով վերջիններիս բնակավայրերը՝ փորձում են դա անհնար դարձնել»,– ասել է Նաղդալյանը:

Նրա գնահատմամբ, նման վարվելակերպը հստակորեն մատնանշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայ և ադրբեջանցի ժողովուրդների համակեցության հայտարարություններով իրականում ընդամենը փորձում է քողարկել Արցախում էթնիկ զտումների և հայաթափության իր տխրահռչակ քաղաքականությունը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։