Վերջին 33 տարիներին նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները որևէ որոշում չեն ընդունել, որով Սումգայիթում իրականացրած գործողությունները որակվեն որպես ցեղասպանություն, և դա է պատճառը, որ հայերին զուտ հայ լինելու համար սպանում ու խոշտանգում են նաև մեր օրերում։
«Եթե այդ զրկանքները, այդ ողբերգությունը կրող պետությունը չի ընդունում այդպիսի որոշումներ, որոշումները չի տարածում և չի աշխատում հասցեական թե՛ առանձին պետությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, ո՞վ պետք է դրան արձագանքի»,- ասաց նա։
Ալավերդյանի խոսքով` թշնամական Ադրբեջանում ճիշտ հակառակն է արվում` ադրբեջանական կողմը հետևողականորեն շարունակում է իր իսկ նախաձեռնած ցեղասպանությունը քողարկել և դրանք հերքող «փաստեր» հավաքագրել։ Իսկ նման իրավիճակում մեղադրանքի սլաքները միջազգային հանրության ուղղությամբ թեքելը, մեղմ ասած, տեղին չէ։
«Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում, բոլոր պետություններում այն լեզվով է տարածում սուտն ու կեղծիքը, որով խոսում են այդ պետություններում, բոլոր միջազգային կոնֆերանսներին Ադրբեջանը գալիս է մի տրցակ նյութերով, ու ոչ միայն տպագիր, այլև տեսանյութերով, ու տարածում դրանք ամենուր»,- նշեց Ալավերդյանը։
Նրա խոսքով` հայկական կողմը ոչ թե մեկ, այլ հարյուր-հազարավոր այդպիսի տրցակներ, բազմաթիվ ապացույցներ կարող է ներկայացնել ոչ միայն տեսանյութերի, հեռուստառեպորտաժների, այլև դատավճիռների տեսքով, որոնք ընդամենը պետք է հավաքագրել և միջազգային հարթակներում ներկայացնել։ Սակայն մեր երկրում չգիտես ինչու՝ իշխանությունները ոչ միայն փաստահավաք խումբ չեն ստեղծում, այլև ամեն տարի, երբ խնդրով մտահոգ քաղաքացիները դիմում են պատկան մարմիններին Սումգաիթյան ջարդերը դատապարտելու և դրանց իրավական որակում տալու հարցով, նրանց դիմումներն անարձագանք են մնում։
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։