ՌԱԴԻՈ

Իշխանությունը կորցրել է իր ինստիտուցիոնալ միասնականությունը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահի ինստիտուտի դերակատարմանը ներքաղաքական զարգացումների համատեքստում։
Sputnik
Իշխանությունը կորցրել է իր ինստիտուցիոնալ միասնականությունը. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` նախագահի ինստիտուտը մեր սահմանադրական համակարգում բավականին թույլ է, բայց օրինակ 2018 թվականին Արմեն Սարգսյանը կարողացավ որոշակի դրական դերակատարում ունենալ և ի վերջո նպաստել փոխզիջումների կայացմանը, ինչի արդյունքում Հայաստանում տեղի ունեցան անցնցում զարգացումներ։ Ըստ  նրա` այժմ իրավիճակն անհամեմատ բարդ է, որովհետև իշխանությունը կորցրել է իր ինստիտուցիոնալ միասնականությունը, և մենք տեսնում ենք ռազմական ու քաղաքական իշխանությունների բավականին արտահայտված հակամարտություն։

ՀՀ նախագահը կանգնեց բանակի կողքին. Վազգեն Մանուկյանը կոչով դիմեց ուժային կառույցներին

«Տեսնում ենք նաև բազմաշերտ հակադրություններ քաղաքական դաշտում և այդ պարագայում Արմեն Սարգսյանի դերը հանգեցրել են կոնկրետ մի որոշում ստորագրել–չստորագրելու առաքելությանը։ Չգիտեմ, թե նախագահի ստորագրել–չստորագրելուց ինչեր կարող են երկրում փոխվել և ինչպիսի զարգացումներ կարող են տեղի ունենալ, սակայն ենթադրում եմ, որ ի տարբերություն 2018 թվականի իրադարձությունների` Արմեն Սարգսյանի դերակատարությունն այժմ շատ մեծ չի լինելու։ Ավելի շատ հակված եմ մտածել, որ այս անգամ քաղաքական լուծումները հիմնականում շրջանցելու են նախագահի ինստիտուտը, որոշումները կայացվելու են քաղաքական այլ սեգմենտների ու սուբյեկտների միջև»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով` ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը լրջորեն չեն վերաբերվում նախագահի ինստիտուտին, որովհետև երկուսն էլ փորձում են նախագահի ինստիտուտն օգտագործել իրենց նեղ քաղաքական օրակարգերը սպասարկելու համար։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանը մտածում է, թե նախագահն անպայման պետք է ստորագրի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագիրը, մինչդեռ ընդդիմությունն այդ խնդիրը դարձրել է կենաց–մահու հարց` կարծելով, որ նախագահն անպայման պետք է մերժի վարչապետի առաջարկությունը։

«Սա նշանակում է, որ երկուսն էլ նախագահին վերապահել են ընդամենը կնիք դնողի ֆունկցիա, մինչդեռ նախագահը պետք է դառնար ավելի գլոբալ կոնսենսուսի սուբյեկտ։ Նրան այժմ վերապահել են ընդամենը տեխնիկական դերակատարություն, և հակամարտության կողմերից յուրաքանչյուրը փորձում է այդ ինստիտուտը քաշել իր կողմը, ուստի ենթադրվում է, որ եթե նախագահը ստորագրի, արժեզրկվելու է ընդդիմության աչքերում, իսկ եթե չստորագրի՝ արժեզրկվելու է իշխանության աչքերում` ըստ այդմ կորցնելով արբիտրի իր դերակատարությունը»,– նշեց քաղաքագետը։

Նախագահն ու Օնիկ Գասպարյանը դարձյալ հանդիպել են

Սուրենյանցի գնահատմամբ`Հայաստանում ընդհանրապես կա հեղինակություն վայելող ինստիտուտի դեֆիցիտ, և քանի որ քաղաքական տարբեր սեգմենտներ, տվյալ դեպքում իշխանությունն ու հարթակային ընդդիմությունը իրար հետ երկխոսելու որևէ հարթակ չունեն, ուստի նախագահի հետ հանդիպում են զուտ այն պատճառով, որ այժմ նրա ձեռքին է «մոգական» կնիքը, որով պետք է վավերացնի կամ չվավերացնի վարչապետի որոշումը։