ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. ՀՀ ոստիկանապետը հրաժարականի դիմում չի գրել։ Մեկնաբանելով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականի մասին սոցիալական կայքերում տարածված լուրերը` ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային ասացին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ «Ոստիկանությունը շարունակում է իրականացնել իր պարտականությունները»,– հայտնեցին ծառայությունից։
Նշենք, որ ըստ տարածված լուրերի, ՀՀ նախագահի այսօրվա որոշումից հետո վարչապետ Փաշինյանն ԱԱԾ–ին ու ոստիկանության հատուկջոկատայիններին հրահանգել է ձերբակալել Օնիկ Գասպարյանին։ Բայց ոստիկանության սպաները հրաժարվել են կատարել Փաշինյանի հրահանգը:
Դրանից հետո, ըստ լուրերի, ոստիկանապետ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ու հետ է ուղարկել կառավարություն։
Ընդդիմությունը փետրվարի 25-ից Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց է անում։