ԵԿՄ Նոր-Նորքի բաժանմունքի նախագահը վայր է դրել լիազորություններն ի աջակցություն բանակի

Արամ Պողոսյանը երեք պատերազմների մասնակից է, Արցախյան երրորդ պատերազմում 40 օր եղել է առաջնագծում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժանմունքի նախագահ Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահի լիազորությունները՝ ի աջակցություն բանակի և ազգի։ Այս մասին նշված է բաժանմունքի ֆեյսբուքյան էջում։

Հաղորդագրությունում նշվում է, որ Արամ Պողոսյանը երեք պատերազմների մասնակից է, Արցախյան երրորդ պատերազմում 40 օր եղել է առաջնագծում, նոյեմբերի 6-ին վիրավորվել է Շուշիի մարտերում։

ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահ է 2005թ.-ից։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքի խորհուրդը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «կանգնած են Հայոց բանակի կողքին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

Ցուցարարներն այնտեղ արդեն 2 գիշեր են անցկացրել։