Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են. պայմանավորվել են համատեղ աշխատել

Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը պայմանավորվել են իրենց աշխատակազմերի համատեղ աշխատանքի վերաբերյալ`ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ միջազգային ատյաններում հայկական կողմի մտահոգություններն ու արձանագրված խնդիրները բարձրացնելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Թաթոյանն ընդդիմության և իշխանության գործելաոճում անթույլատրելի երևույթներ է արձանագրել

Ինչպես հայտնում է նախագահի պաշտոնական կայքը, պաշտպանը նախագահին տեղեկացրել է վերջին ամիսներին ՄԻՊ աշխատակազմի կատարած աշխատանքների մասին: Մասնավորապես ներկայացրել է հանրապետության սահմանամերձ մարզեր պաշտպանի և պաշտպանի գրասենյակի աշխատակիցների պարբերական այցերի ընթացքում արձանագրված խնդիրները՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից շարունակաբար և հետևողականորեն իրականացվում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների` միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող ծրագրված գործողություններ:

Թաթոյանը նաև ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները՝ հայտնելով, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվող գործընթացի վերաբերյալ ՄԻՊ-ն արդեն իսկ դիմել է համապատասխան միջազգային ատյաններին:

Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն առանձնահատուկ անդրադարձել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Արման Թաթոյանը ներկայացրել է իր ղեկավարած գրասենյակի կատարած աշխատանքներն այս ուղղությամբ ու համագործակցությունը պրոցեսում ներգրավված կառույցների, միջազգային կազմակերպությունների հետ:

Թաթոյանի հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական ԶԼՄ–ներում

Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց աշխատակազմերի համատեղ կաշխատանքի վերաբերյալ`ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ միջազգային ատյաններում հայկական կողմի մտահոգություններն ու արձանագրված խնդիրները բարձրացնելու ուղղություններով:

Արմեն Սարգսյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքները, մասնագիտական դիտարկումներն ու փաստահավաք գործունեությունը: