ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Ի հեճուկս հայ գերիներին վերադարձնելու միջազգային հանրության օրեցօր ուժեղացող կոչերին, Ադրբեջանի նախագահն իր երկրի միջազգային պարտավորությունների խախտումներն արդարացնում է փաստացի սպառնալով նոր գերեվարումներով: Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով Ադրբջանի նախագահ Իլհամ Ալիևի` հայ գերիների մասին արած հայտարարությանը։
«Ավելին, Ադրբեջանի նախագահի կողմից հայ բոլոր գերիներին վերադարձրած լինելու մասին պնդումն արվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանի պատկան մարմինները միջազգային հեղինակավոր կառույցներին փոխանցել են հայ ռազմագերիների առկայության մասին տեղեկատվություն»,– ասել է Նաղդալյանը։
Հիշեցնենք` փետրվարի 26-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին հանձնել է Երևանին:
«Մենք նրանց վերադարձրեցինք բոլոր գերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվեց ավելի քան 1000 դիակ», - ասել է նա ՝ ավելացնելով, որ Ադրբեջանում հիմա միայն հայ դիվերսանտներ են մնացել:
Հավելենք, որ մինչ օրս Հայաստան է վերադարձել 69 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։