ՀՀ ոստիկանությունը ծառահատման ապօրինի դեպքեր է հայտնաբերել. տեսանյութեր

Երկու դեպքում էլ վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը ծառահատման ապօրինի դեպքեր է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ապօրինի ծառահատումներ, կաշառքի դեպքեր. ԱԱԾ–ի նոր բացահայտումը Տավուշում

Մասնավորապես. այսօր` փետրվարի 26–ին, Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավանից Լուսաձոր գյուղ տանող ճանապարհին հայտնաբերել են «Ուրալ» մակնիշի բեռնատար՝ մոտ 10 խմ փայտանյութ բարձված։

«Տավուշի մարզի Աչաջուր գյուղում բնակվող վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մեկ այլ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 23-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել, ապա բաժին հրավիրել Սիսիանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդի։ Նրա «Կամազ» մակնիշի խոշոր բեռնատարն էլ տեղափոխել են բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդը բեռնատարում առկա մոտ 25 խորանարդ մետր փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ունեցել։

«Նախնական տվյալներով՝ երիտասարդը փայտանյութը ձեռք էր բերել փետրվարի 16-ին Սյունիքի Արծվանիկ բնակավայրում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փայտանյութերի ձեռքբերման աղբյուրները և այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։