ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում. ՀՀ նախագահը հանդիպել է Բեռնար Քուշներին
Նշվում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում»,-ասել է նախագահը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի կողմից աջակցության ջանքերը:
Հավելենք, որ Բեռնար Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով և այցելել է նաև Արցախ:
Քուշները նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի, իր տպավորությունների, ինչպես նաև իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին: