ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից և հավելում, որ հանդիպումը կայացել է երեկ` փետրվարի 25–ին։
«Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը կարևորել են Հայաստանի և Արցախի քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության էլ ավելի ամրապնդումը և փոխշփումների ու խորհրդակցությունների անցկացումը` առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և հետագա քայլերի ուրվագծման համար»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման առանցքում էին թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի և Արցախի առջև ծառացած և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրները, այդ թվում հայ գերիների շուտափույթ հասցեագրումը:
«Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում հատկապես շեշտվեց միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը»,–ասված է հայտարարության մեջ:
Հանդիպման շրջանակներում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արցախի խաղաղ գործընթացի վերականգման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` ընդգծելով իրենց համակարծությունը, որ բանակցային գործընթացում առանցքային շարունակում են մնալ արցախահայության իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի սահմանումը: