ՌԱԴԻՈ

«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է, թե ինչ են քննարկել ՀՀ նախագահի հետ։
Sputnik
«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումն ընդհանուր առմամբ արդյունավետ է գնահատում։ Ասում է` քննարկել են վերջին զարգացումների ֆոնին ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, ԲՀԿ-ն էլ վերահաստատել է իր դիրքորոշումը` վարչապետը պետք է հեռանա։

«Քննարկվել են բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, ընդ որում թիրախավորված չեն քննարկվել, ընդհանուր կոնտեքստի մեջ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ

Նրա խոսքով` հանրապետության նախագահը փորձում էր հասկանալ խորհրդարանական ֆրակցիաների դիրքորոշումը, պարզել` տարբեր քաղաքական ուժերի տեսակետները փոխվել են, թե ոչ և առհասարակ ինչ է կատարվում։ 

«Քաղաքական ուժերի հետ հանդիպումներն առանձին են եղել և ես տեղյակ չեմ մյուս հանդիպումների մանրամասներից ։ Լուծումների մասին առայժմ խոսք չի եղել»,- նշեց նա։

Մեկնաբանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` ԱԺ խորհրդի նիստին չներկայանալու, հետևաբար այն տապալելու իրողությանը` Աբովյանը նշեց, որ այդպիսով ԱԺ նախագահը սաբոտաժի է ենթարկում ՀՀ կարևորագույն ինստիտուտը։ 

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքը հայտնել էր, որ  Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ: