«Անհետաձգելի գործեր ունեի». ԿԳՄՍ նախարարը` վարչապետի հանրահավաքին չմասնակցելու մասին

ԿԳՄՍ նախարարի խոսքով` յուրաքանչյուր պրոֆեսիոնալ աշխատանք կատարող պաշտոնյա պետք է զբաղվի իր գործով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ասում է, որ գտնվելով որոշակի պաշտոնում, անձը պարտավոր է կատարել այդ պաշտոնում իր առաքելությունը։ Այս մասին Դումանյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում`անդրադառնալով ԶՈւ ԳՇ հայտարարությանը, որով Զինված ուժերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ

«Զինվորականները պետք է մեր սահմանները և մեր երկրի անվտանգությունը պահպանեն։ Կարելի է անհամաձայն լինել որպես անձ այս կամ այն որոշման հետ։ Որևիցե մեկս ամրագրված չենք մեր պաշտոնին, բոլորս ազատ ենք անձնական որոշումներ կայացնելիս։ Բայց, գտնվելով որոշակի պաշտոնում, դուք պարտավոր եք կատարել այդ պաշտոնում ձեր առաքելությունը։ Այս երևույթը նոր չէ։ Արցախյան առաջին պատերազմում կային նման քաղաքական գործիչներ, որոնք անընդմեջ ասում էին, որ հոսանքը հատուկ հողանցում է արվում օրվա իշխանությունների կողմից, որպեսզի ժողովրդին հոսանք չգնա։ Դա դեմ էր ֆիզիկայի օրենքներին, անհնար բան էր, բայց կային մարդիկ, որոնք հավատում էին և նույնիսկ հիմա կան նման մարդիկ, որոնք իներցիայով նույն կերպ են մտածում»,- նշեց Դումանյանը։

Լրագրողներից մեկի հարցին, թե նախարարն ինչու ներկա չի եղել երեկվա հանրահավաքին, Դումանյանը պատասխանեց, որ աշխատում էր։ «Անհետաձգելի գործեր ունեի»,–ասաց նա։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։