ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն են սկսել` քննարկելու երկրում ստեղծված վտանգավոր իրավիճակը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին հայտնեցին ընդդիմադիր պատգամավորներ Արման Աբովյանն ու Գևորգ Գորգիսյանը։
«Բոլոր պրոցեսները, որ այսօր տեղի են ունենում Հայաստանում, անպայման պետք է բերել այն դաշտ, որ հանկարծ չլինեն բախումներ, ցնցումներ։ Այդ իսկ պատճառով մոտակա ժամերին շտապ արտահերթ նիստ ենք նախաձեռնում»,– ասաց Աբովյանը։
Գորգիսյանը կաևորեց բոլոր գործընթացները քաղաքական հուն տեղափոխելու անհրաժեշտությունը։
«Ստորագրահավաքն արդեն սկսել ենք, տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո արագ կմուտքագրենք ու հուսով ենք` արտահերթ նիստը կկայանա»,– ասաց Գորգիսյանը։
Ընդդիմադիր պատգամավորներն իրենց մտագությունն ու մտավախությունը հայտնեցին Հայաստանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի վերաբերյալ։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։