ՌԴ–ն ակնկալում է Հայաստանում իրավիճակի խաղաղ կարգավորում. Լավրովը խոսել է Այվազյանի հետ

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանում ստեղծվծ ներքաղաքական իրավիճակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Ռուսաստանը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը գնահատում է որպես տվյալ երկրի ներքին գործ: Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում:

Կրեմլում անհանգստությամբ են հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ հեռախոսային խոսակցության ընթացքում Արա Այվազյանը նրան տեղեկացրել է Հայաստանում զարգացող իրադարձությունների մասին:

Լավրովն ընդգծել է` Մոսկվան ակնկալում է, որ իրավիճակը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։