Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․ Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները

Ըստ վարչապետի մամուլի ծառայության՝ Պուտինն աջակցություն է հայտնել «օրինական իշխանություններին», մինչդեռ Կրեմլի հաղորդագրության մեջ նման տող չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց են ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Հեռախոսազրույցի ընդհանուր բովանդակությունը Կրեմլի պաշտոնական կայքում և Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում տարբեր ձևակերպումներ է ստացել, ինչն արդեն համացանցի օգտատերերի ուշադրությանն է արժանացել ու քննարկումների պատճառ դարձել։

Նիկոլ Փաշինյանը զանգել է Վլադիմիր Պուտինին

«Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը: Ռուսաստանի պետության ղեկավարը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»,- նշված է Կրեմլի պաշտոնական կայքում։

Վարչապետի մամուլի ծառայությունը կայացած հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ «փոքր-ինչ» այլ ձևակերպում է արել։

«Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»,- նշված է վարչապետի պաշտոնական կայքում։

Փաշինյանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից ստացվում է, որ ՌԴ նախագահն իր աջակցությունն է հայտնել «օրինական իշխանություններին», մինչդեռ Կրեմլի հաղորդագրության մեջ նման տող չկա։

Sputnik Արմենիան ձևակերպման փոփոխության վերաբերյալ մեկնաբանություն փորձեց ստանալ վարչապետի մամուլի ծառայությունից։ Սակայն Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Սարգսյանի աշխատակազմի հայտարարությունը