ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն իշխանությունը, որը երկար տարիներ բանակի հաշվին հարստացել է, մի քանի կամակատարներ ունի ՀՀ ԶՈւ–ում, որոնք պետք է անմիջապես հեռանան։ Փաշինյանը նման հրաման տվեց այսօր` Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ։
«Նրանք ինձ մեղադրում են դավաճանության մեջ։ Բա ի՞նչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում` նրանք փաստացի ձեզ են ուզում մեղադրել դավաճանության մեջ։ Հիմա ասեմ` որն է դավաճանությունը. 17 կուսակցություն կոչված վարչապետի թեկնածուն ասում էր` զանգում էի բանակին ու ասում` իշխանությունը վերցնել։ Այսինքն` նրանք բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ սեփական ժոովրդի»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե դղյակներ ունեցողները, զինվորի հացը գողացողը եկել զինվորին հաց տվողին, աշխատավարձ տվողին դավաճանության մեջ են մեղադրում։
Վարչապետի խոսքով` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ տված իր հարցազրույցում ասել է, որ ինքը համաձայնել է 7 շրջանները հանձնել Ադրբեջանին։ Փաշինյանն ասում է, որ այս դեպքում ինչո՞ւ են իրեն մեղադրում դավաճանության մեջ։ Նա նշեց, որ պետք է հանրության առջև ասեին, որ երկիրը բերել և այս վիճակին են հասցրել, որ պետք է ամեն ինչ հանձնել ու իրեն էլ ասեին` գնա, ստորագրի այդ փաստաթուղթը։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
ԶՈւ-ն հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանին հանձնելու իրավապահներին. սահմանադրագետ
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։