ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ԲՀԿ քաղաքական խորհուրդն առաջիկայում հանդես կգա Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։
Մինչ այդ ԲՀԿ քաղխորհրդի անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտեց` Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, չպիտի իր իշխանությունը երկարաձգելու համար հրահրի քաղաքական բախումներ։
«Նիկոլ Փաշինյանն արյուն թափող էր` թող թուրքի արյունը թափեր։ Հիմա իր կոչով ու, մեր տեղեկություններով` արդեն տարբեր մրզպետարաններին, քաղաքապետարանին հրահանգել են մարդկանց բերել հրապարակ։ Ես հիմա դիմում եմ ուժային բոլոր կառույցներին` ԱԱԾ–ին, բանակին, ոստիկանությանը.
«Դուրս չգա՛ք ձեր ժողովրդի դեմ, չդառնաք գործիք իր իշխանությունն ամեն ձևով պահելու ձգտող անձի ձեռքին»,– ասաց Զոհրաբյանը։
Ընդդիմադիր գործիչը շեշտեց, որ Փաշինյանը Հայաստանում այլևս չունի իշխանություն, չունի հանրային վտահություն, նա պարտված ղեկավար և ու պարտության խորհրդանիշ։ Զոհրաբյանը ՀՀ քաղաքացիներին կոչ արեց «չտրվել Նիկոլի սադրանքներին»։
Ընդդիմադիր գրծիչը հայտնեց, որ Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որոշում չի ընդունել իր անելիքների վերաբերյալ, բայց վստահեցրեց, որ ԲՀԿ–ն լինելու է ժողովրդի կողքին։ Չբացառեց, որ կգան նաև Հանրապետության հրապարակ` քաղաքացիական բախումները թույլ չտաու համար։
«Ես դիմում եմ նաև «Իմ քայլի» իմ գործընկերներին. բռնե՛ք Նիկոլի ձեռքը։ Թույլ մի՛ տվեք, որ ադեկվատության հետ խորագույն խնդիրներ ունեցող անձնավորությունը կործանի ՀՀ պետականությունը»,– ասաց նա` դիմելով իշխանական խմբակցության իր գործընկերներին ու վստահություն հայտնելով, որ նրանցից շատերը հայրենասեր մարդիկ են, որ այս պահին պատանդ են Փաշինյանի ձեռքին։
Նաիրա Զոհրաբյանը դիմեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` հորդորելու Նիկոլ Փաշինյանին հրապարակել կառավարության տեքստը։
Միաժամանակ Զոհրաբյանը չբացառեց, որ այս պահին հրավիրված «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո կհրավիրվի նաև Աժ արտահերթ նիստ`ՀՀ–ում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խստացնելու նպատակով։
ԲՀԿ-ն կոչ է անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի