Արցախի պաշտպանության նախկին նախարարն աջակցություն է հայտնում ՀՀ ԶՈւ ղեկավար կազմին

Պաշտոնաթող գեներալը ուժային կառույցներում ծառայող սպաներին հորդորում է իրենց վստահված պաշտոնական դիրքում լինել ազնիվ ու անաչառ` հայրենիքը վերահաս աղետից փրկելու գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարություն է տարածել, որում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից ՀՀ վարչապետին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին։

«Մենք ազգովի նորից ապրում ենք պատմական ու ճակատագրական պահ։ Հայ ժողովուրդը ստիպված է դիմակայելու ոչ միայն արտաքին, այլ երկիրը կործանման տանող մեր այսօրվա ապազգային իշխանություններին: Որպես Արցախի ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած և Հայոց բանակաշինության գործում համեստ ավանդ ունեցած հայ մարդ, չեմ կարող պասիվ դիրք գրավել այս դժվարին ժամանակահատվածում, երբ վճռվում է Հայրենիքի լինել-չլինելու հարցը»,– ասված է հայտարարության մեջ։

Միաժամանակ պաշտոնաթող գեներալն իր հորդորն ու կոչն է ուղղում «ուսադիրի արժեքն ու ծանրությունը գիտակցող ուժային կառույցներում ծառայող բոլոր արժանապատիվ սպաներին»՝ իրենց վստահված պաշտոնական դիրքում լինել ազնիվ ու անաչառ` հայրենիքը վերահաս աղետից փրկելու գործում։

Նրանք ինձ մեղադրում են դավաճանության մեջ, բայց ես կասեմ` ով է դավաճանը. Փաշինյան

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։