Կրեմլում անհանգստությամբ են հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով

Մոսկվան Հայաստանում բոլորին հանգստության կոչ է արել։ Իրավիճակը պետք է շարունակի մնալ սահմանադրական դաշտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Կրեմլում անհանգստությամբ են հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը, բայց համարում են, որ դա բացառապես երկրի ներքին գործն է։ Այդ մասին այսօր` փետրվարի 25–ին, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք անհանգստությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը,-ասել է Պեսկովը, պատասխանելով տեղի ունեցածին Կրեմլի վերաբերմունքի մասին հարցին,-և համարում ենք, որ դա բացառապես Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և սերտ դաշնակցի ներքին գործն է»։

Նա հայտնել է, որ Երևանում իրավիճակի սրացումից հետո Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձրագույն մակարդակով շփումներ դեռ չեն եղել, բայց անհրաժեշտության դեպքում դրանք արագ կկազմակերպվեն։

Բախումների վտանգ միշտ էլ կա. Փաշինյանը Հանրապետության հրապարակում է

«Առայժմ շփումներ չեն եղել։ Բայց դուք գիտեք, որ Մոսկվայի և Երևանի միջև կոնտակտները անհրաժեշտության դեպքում բավականաչափ օպերատիվ են կազմակերպվում»,-հայտարարել է Պեսկովը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։