Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարչախմբի սադրանքներին

Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին չտրվել վարչախմբի սադրանքներին։ Շարժումը հայտարարություն է տարածել անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչին։

Ազատության հրապարակը բազմամարդ է․ մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

«Ողջունում ենք ՀՀ ԶՈւ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։ Կոչ ենք անում համախմբվել երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ ԶՈւ-ի և Հայոց Բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Հայրենիքի փրկության շարժումը» կոչ է անում ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։