«Գնում եմ կառավարություն, նիստ կանենք և որոշում կկայացնենք». Փաշինյանն ավարտեց երթը

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այս պահին միակ որոշումն այն է, որ պետք է վերջ դրվի թավիշին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմակիցները Գարեգին Նժդեհի հրապարակում ավարտեցին երթը։ Նա նույնը խորհուրդ տվեց ընդդիմությանը։

Ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Արմեն Սարգսյանի մոտ

Ընդդիմությանը հրավիրում եմ կոնսուլտացիաների։ Մենք այս պահին դադարեցնում ենք մեր ակցիաները` մինչև նոր որոշում կլինի»,–ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ այժմ գնում է կառավարություն` մի քանի նիստեր ու խորհրդակցություններ անելու և որոշումներ կայացնելու։ Վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց, որ այս պահին միակ որոշումն այն է, որ պետք է վերջ դրվի թավիշին և նստեց մեքենան և հեռացավ։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։