ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում վրաններ են տեղադրվում գիշերելու համար։
Արդեն քանի ժամ է՝ փողոցը երթևեկության համար փակ է։
Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները հայտարարել են անժամկետ հանրահավաքի մասին, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել։
Բաղրամյան փողոցում այս պահին մեծ վրաններ են մոնտաժվում, տեղադրվելու են նաև հատուկ վառարաններ։
Ընդդիմադիրները որոշել են՝ մնալու են Ազգային ժողովի մոտ, քանի դեռ խորհրդարանը նիստ չի գումարել ու Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հեռացման հարցը չի վճռել։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։