Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել

ՀՀ ոստիկանությունը և ՀՀ դատախազությունը քաղաքացիներին կոչ են անում ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, զերծ մնալ հնարավոր հանցավոր դրսևորումներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«ՀՀ ոստիկանությունն ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ դատախազությունն էլ հերթին զինծառայողներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին կոչ է անում դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ:

Ազատության հրապարակը բազմամարդ է․ մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

«ՀՀ դատախազությունը զգուշացնում է, որ որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում, դրանցում ներգրավվում, անկախ նրանից՝ ում կողմից դրանք կիրականացվեն, արժանանալու են ամենախիստ իրավական գնահատականների, հետապնդվելու են օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀՀ դատախազությունը հետամուտ է լինելու երկրում իրավակարգի պահպանությանը, հնարավոր հանցավոր դրսևորումների հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելուն:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։