ԲՀԿ-ն կոչ է անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի

ԲՀԿ քաղաքական խորհուրդը շեշտում է, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի, երկրի ներսում չթափել հայի արյուն։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը։

Արմեն Սարգսյանը հրատապ քայլեր է նախաձեռնում. հայտարարություն

«Այսօր մեր երկիրն ու պետականությունը կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջև: Մեր ժողովրդի և պետականության կողքին կանգնելու մասին ՀՀ Զինված ուժերի և Գլխավոր շտաբի հայտարարությունը բեկումնային է: Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի, երկրի ներսում չթափել հայի արյուն, հային չսարքել հայի թշնամի, որովհետև մեր իրական թշնամին սահմանից այն կողմ է: Նիկոլ Փաշինյանն ունի վերջին հնարավորություն քաղաքական ճանապարհով անցնցում հեռանալու, մեր առանց այդ էլ պատերազմից հետո բզկտված պետականությունը վերջնականապես չվտանգելու:

Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրում հայի ձեռքով հայի արյուն թափվի, մենք թույլ չենք տալու որպեսզի իր իշխանությունն օր ավել երկարաձգելու մոլուցքով տառապող անձը մեր հայրենակիցներին տանի բախումների: Մենք պետականություն ենք կորցնում:
Կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ և չդառնալ գործիք մեկ մարդու իշխանությունը պահելու համար:

Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով: Մենք ժողովրդի կողքին ենք և ամեն ինչ անելու ենք մեր երկրում խաղաղ և անցնցում իշխանափոխություն ապահովելու համար»,-նշված է հայտարարության մեջ:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։