Բանակը ապաքաղաքական կառույց է. ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել

Ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: ՀՀ ՊՆ–ն նոր հայտարարություն է տարածել` գրելով այս մասին։

«Բանակն ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը»,–ասված է ՊՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: 

«ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության»,–ասված է հայտարարության մեջ:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։